Հայաստանում նախատեսում են 2-3 տարվա ընթացքում հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ առաջնայինը երիկամի փոխպատվաստման հարցն է։ Հայաստանում այժմ իրականացվում են երիկամի փոխպատվաստումներ կենդանի դոնորից։ Փոխպատվասումների համար մասամբ վճարում է պետությունը՝ երիկամի յուրաքանչյուր փոխպատվաստման համար հատկացնելով 2,5 միլիոն դրամ։

Անդրադառնալով դիակային դոնորներից փոխպատվաստման վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Թորոսյանը նշեց, որ հայաստանցիները լյարդի, երիկամի փոխպատվաստման համար գնում են այլ երկրներ ու վճարում 30-150 հազար դոլար գումար, և այդ փոխպատվաստումների մեծ մասն իրականացվում է հենց դիակային օրգաններից: Հայաստանը ներկայում շատ սերտորեն համագործակցում է Բելառուսի հետ, որտեղ փոխպատվաստումը լավ գործում է:


Նախարարը շեշտեց՝ դիակային դոնորներից փոխպատվաստման համար իրավական ակտերի մակարդակով ամեն ինչ կա, որոնք պետք է կիրառվեն պրակտիկայում՝ սկսած ուղեղային մահ ախտորոշումը դնելուց: Քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը տրված չլինի, օրգաններ չեն կարող վերցնել դոնորից: Հայաստանում դիակային փոխպատվաստման համար գործելու է ոչ թե թույլատրելու, այլ հրաժարվելու ինստիտուտը: «Ով չի ցանկանում, որ իր ուղեղային մահից հետո իր օրգանները օգտագործվեն այլ մարդու կյանքը փրկելու համար, կարող է հրաժարականի դիմում գրել և մենք ռեեստրում կտեսնենք, որ այդ մարդու օրգաններն օգտագործելու իրավունք չունենք: Իսկ ով չի գրի, օրգանները կկարողանանք օգտագործել»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ խիստ կարևորեց, որ մեսիջը ճիշտ ընկալվի, որ դա զուտ մարդասիրական քայլ է՝ ուրիշի կյանքը փրկելու համար, ուրիշ ոչինչ: