Այսօր Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում, ըստ նախնական տվյալի, ինքնասպանություն գործած ժամկետային զինծառայող Վահան Մուշեղյանը մեկ եղբայր եւ մեկ քույր ուներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին հայտնաբերվել էր ծառից կախված վիճակում: Մուշեղյանը Սյունիքի մարզի խոշորացված Տաթեւ համայնքի Տանձատափ գյուղից էր:

Սիմոնյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ օրերս զինծառայողին էր այցելել նրա ավագ եղբայրը: Նա որեւէ դժգոհություն չի լսել եղբորից եւ հրամանատարությունից: «Հրամանատարությունը գոհ էր, խելոք տղա էր»,- ասաց Սիմոնյանը:

Համայնքապետը նշեց, որ մահացած զինծառայողի հայրը Տանձատափի վարչական ղեկավարն է. «Տղան էլ ԵՊՀ էր ընդունվել ու գնացել ծառայության»: Մուրադ Սիմոնյանը դեռ չգիտի, թե ինչը կարող էր զինծառայողին ինքնասպանության հասցնել:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com