Արթուր Աջամյանը վերջին 2-3 ամսվա ընթացքում իր հարազատներից մեկին ասել է, որ խնդիր կա դիրքերում. եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում, դիրքերում են սպանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց մահացած զինծառայող Արթուր Աջամյանի ընտանիքի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Ասել է՝ զորամասում խնդիրներ կան, դժոխային վիճակ է տիրում»,-հավելեց փաստաբանը:

Նա հայտնեց, որ այս պահին քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, ինքնասպանության հոդվածը հաստատված չէ:

Ըստ փաստաբանի՝ Աջամյանը ճակատային հատվածում հրազենային վիրավորում է ունեցել. «Ճակատից կրակված է, ծոծրակից դուրս է եկել, այսինքն՝ վերևից ներքև. ինքը չէր կարող իրեն պատճառել նման վնասվածք: Իր վրա նաև բռնության հետքեր կան ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածներում, ընդ որում՝ տարբեր վաղեմության: Հնարավոր է՝ դրանից առաջ ծեծ է եղել»,-ասաց Սարգսյանը:

Նա հայտնեց նաև, որ վիրավոր զինվորն այս պահին ծանր վիճակում է, դեմքի շրջանում հրազենային վնասվածք ունի, և ի վիճակի չէ հարցաքննվել: «Նա, ապաքինվելու դեպքում, գործի քննությանը շատ կօգնի, քանի որ սպանության հոդված է առաջադրված, և այն վնասվածքները, որ ունի նաև Արթուր Աջամյանը, խոսում է այն մասին, որ իրենց նկատմամբ ոտնձգություն, բռնություն է տեղի ունեցել, հետևաբար վիրավոր զինվորը կարող է խոսել այն անձանց տվյալների մասին, ովքեր դա իրագործել են»,-ասաց Հայարփի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնել էին Արցախի պաշտպանության նախարարությունից։