Մոտ 3 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակում փոփոխություն չկա: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը, նշելով, որ բժիշկներն ասել են, որ այս վիճակը հնարավոր է երկարաձգվի մինչեւ 6 ամիս:

«Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում, բայց գիտակից չէ»,-ասաց նա:

Փոխգնդապետի եղբայրը պատմեց, որ եղբոր ընտանիքին իրենք են օգնում ապրել, ճիշտ է աշխատավարձը փոխանցվում է, սակայն որեւէ այլ օգնություն Պաշտպանության նախարարությունը չի տրամադրում:

«Մենք էլ ամեն օր Գյումրիից հասնում ենք Երեւան, հանդիպում եղբորս ու հետ վերադառնում»,-ասաց նա:

Նա նշեց, որ գործով որեւէ այլ տեղեկատվություն չկա, նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հայտարարել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:

Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։