Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում:

Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները:

Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: