Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ այս պահին Ոսկեպար գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա:

Անցնող գիշերը խաղաղ չի եղել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է սահմանամերձ գյուղը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Ոսկեպար համայնքի ղեկավար Սերոբ Մախսուդյանը:

«Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրակել է և՛ գյուղի, և՛ դիրքերի ուղղությամբ: Կրակոցները եղել են գիշերվա 3-ի կողմերը և տևել են շուրջ 2 ժամ»,-մեզ հեզ զրույցում ասաց Մախսուդյանը։

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ կրակոցներից վնասվել է գյուղի բնակիչ Արտո Սարուխանյանի տան պատշգամբի պատը, այլ վնասների մասին տեղեկություններ չկան։ Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Նրա հավաստմամբ՝ այս պահին Ոսկեպարում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա: