Ադրբեջանական մամուլի տարածած այն լուրերը, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Իրականությունն այն է, որ այսօր ժամը 12:00-ից 12։30-ը հակառակորդը գնդացրով կրակ է բացել Իջեւանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ`խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Հայկական Զինված ուժերի պատասխան կրակոցից հետո հակառակորդը լռեցվել է: Ինչ վերաբերվում է բնակավայրերին պետք է շեշտեմ, որ մեր մարտավարությունն անփոփոխ է եւ մենք երբեք չենք թիրախավորում բնակավայրերն ու քաղաքացիներին»,- ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չի եղել, տուժածներ չկան: