ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ամառային զորակոչ հայտարարելու մասին:

Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրա¬պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2020 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

2. 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկե¬տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա¬ռա¬յու¬թյուն անցած զինծառայողներին:

3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և սույն օրենքով նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման մասին, իսկ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասերի համաձայն` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի կազմակերպման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում են հանրապետական եւ, ըստ մարզերի (Երեւան քաղաքի)` մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` Պաշտպանության նախարարի ներկայացմամբ:

«Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ: