Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու անձ՝ ավագ սպա եւ կրտսեր սերժանտ:

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Ըստ ՔԿ-ի՝ Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն ձերբակալվել է ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն էլ ձերբակալվել է ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 359-րդ հոդվածի 1-ին մաս և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետ):

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: