Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ այս տարվա փետրվարին են այցելել ադրբեջանական կողմում հայտնված Վայոց Ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանին, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանին, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

«Ա1+»-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նշենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին, Արայիկ Ղազարյանն ադրբեջանական կողմում հայտնվել է 2019 թվականի օգոստոսի 12-ին, իսկ Կարեն Ղազարյանը՝ 2018 թվականի հուլիսի 15-ին։

«Ես կարող եմ ասել վերջին այցելության մասին, որը կարող ենք հաստատել։ Այն եղել է այս տարվա փետրվարին։ Նրանց վիճակի մասին չեմ կարող ասել, որովհետև նման բաները մենք չենք կիսվում հանրության հետ։ Այդ անձանց միջև մեր երկխոսություններով, մեր մտահոգություններով կիսվում ենք իշխանությունների և ընտանիքի հետ։ Այսինքն՝ այդ շրջանակից դուրս է մնում հանրությունը»,- շարունակել է ԿԽՄԿ ՀԳ հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Ամատունին նշել է, որ այցելություններ կատարելու պատրաստակամություն «Կամիր խաչը» միշտ ունի, և ինքը կարող է հաստատել միայն կազմակերպության կատարած այցելության փաստը։ Իսկ Ադրբեջանում հայտնված հայերի ընտանիքները, ըստ նրա, տեղեկություններ ստանում են «Կարմիր խաչ»-ի միջոցով, որովհետև այցելողը կոմիտեի պատվիրակությունն է։

Այսինքն, ընտանիքները վերջին անգամ տեղեկություններ ստացել են փետրվար ամսին։ «Կարմիր խաչ»-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը նաև չասաց փետրվարին կատարված այցելության ժամանակահատվածը, քանի որ որոշել են այս ընթացքում նշել միայն այցելության ամիսը։

Հարցին՝ ինչո՞ւ է «Կարմիր խաչ»-ի գրասենյակը վերջին անգամ փետրվարին այցելելություն կատարել, պատասխանել է, որ առաջին պատճառը կորոնավիրուսն է։

«Բացի դրանից, ցանկացած հանդիպում մենք կարող ենք կատարել միայն իշխանությունների համաձայնությամբ: Դա նրա համար չեմ ասում, որ թույլ են տալիս կամ ոչ։ Բայց կազմակերպությունը չի կարող ամեն պահի ցանկանալ «դուռը բացել» և մտնել ցանկացած տեղ։ Մուտք գործելը պայամանվորված է փոխադարձ համաձայնությամբ»,- ընդգծեց նա։

Իսկ, թե հաջորդ այցելությունը երբ է նախատեսված, Ամատունին ժամկետներ դժվարացել է նշել, իսկ այցելությունները կատարվում են պարբերականությամբ, և կոմիտեն երբևէ խոչընդոտ չի ունեցել։

«Ինչ վերաբերում է հաջորդ այցելությանը, հնարավորության դեպքում կայցելենք։ Հատուկ օր չկա նախատեսված։ Մենք շատ լավ երկխոսություն ունենք իշխանությունների հետ, նաև կորոնավիրուսի հետ կապված ենք աջակցել, և շարունակում ենք։ Իշխանությունների հետ երկխոսությունն ընթացիկ է, և երբեք չենք դադարել ինֆորմացիա փոխանակել»,- շարունակել է նա։

Իսկ երկխոսության բովանդակությունը, նրա փոխանցմամբ, վերաբերում է պետություններում պահվող անձանց կեցության պայմանների, իրավունքների և ընտանիքների հետ կապին։

Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի հոր՝ Արմեն Ղազարյանի խոսքերով՝ որդու վիճակը լավ չէ։

««Կարմիր խաչ»-ից մեզ փոխանցել են, որ իր վիճակը լավ չէ։ Ինքն առողջական խնդիրներ ունի։ Ոչ մեկի հետ չի շփվում, չի խոսում։ Բանտախցից դուրս չի գալիս թույլատրելի ժամին, ուտելը վատ է»,- ասել է Կարեն Ղազարյանի հայրը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում: