Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջեբրաիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ՝ խոցելով 3-ը, և նահատակվել: Տիգրանի եղբայրը վստահ է՝ նա բոլոր տանկերը կխոցեր, եթե նրա տանկի դեմ ֆագոտ (hակատանկային հրթիռային համակարգ.- Ռ.Մ.) չկիրառեին:

Ժորա Աբգարյանը եղբորը ժպիտով է հիշում, քանի որ Տիգրանը միշտ բողոքել է եղբոր լուրջ դեմքից: Տիգրանը չի սիրել նաև, երբ շուրջը լուռ է եղել. նա իր ներկայությամբ բոլորին ժպիտ ու ուրախություն է պարգևել: Հարազատները հիշում են՝ երբ Տիգրանը գալիս էր տուն, բակից արդեն նրա ձայնը լսվում էր, ու այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե մի քանի հոգի է տուն մտնում:

168.am-ի հետ զրույցում Տիգրանի հայրը՝ Արամ Աբգարյանը, պատմեց, որ որդին մինչև երեք տարեկան հասակը չի խոսել, հետո սկսել է քիչ-քիչ խոսել. «Դպրոցական վերջին տարիներին բացվեց, ու այդքան տարիներին որ չէր խոսել, սկսեց արագ-արագ խոսել, որ հասցներ, ու հասցրեց…»:

Մայրը՝ Գոհար Աբգարյանը, վառ դրվագներ է հիշում որդու մանկությունից. «Ձմեռ էր, առատ ձյուն էր եկել, Տիգրանս փոքր էր, ամբողջ փողոցի ձյունը հավաքեց, բերեց-լցրեց մեր բակը, հետո ասացի՝ էս ի՞նչ ես անում, ասաց՝ դու չգիտես: Փոքր բահ ուներ, ձյան մեջ փորեց, անցում բացեց ու պառկեց մեջը: Չէր մրսում ընդհանրապես: Խաղող քամելու ժամանակ մտնում-լողանում էր, ոտքերը մաքուր լվանում ու մտնում էր խաղող ճմռելու: Շատ համեղ գինի էր ստացվում»:

Տիգրանը սիրված էր ընկերների, հարազատների, բոլոր իրեն ճանաչողների կողմից, իսկ հիմա նրան սիրում են բոլորը: Օրերս Գյումրիում ծնված նորածնին անվանակոչել են Տիգրանի անունով՝ ի պատիվ հերոս տանկիստի: Կենսախինդ Տիգրանը սիրում էր կյանքը ու լեցուն էր կյանքով:

Ժորա Աբգարյանը պատմում է, որ եղբայրը դպրոցական տարիներից սիրում էր սպորտը և զբաղվում կենպոյով, սիրում էր նաև մեքենա վարել. «9 տարեկանից մեքենա էր վարում: Սիրում էր արագությունը: Բանակից առաջ «Բրաբուս» ունենալու մասին էր երազում, իսկ երբ բանակ գնաց ու դարձավ տանկիստ, իր համար տանկն ավելի լավը դարձավ»: Տիգրանի հայրն էլ է բանակում տանկիստ եղել, բայց նա նշում է, որ որդու իմացածի կեսն էլ չգիտեր, իր տղան 6 ամսում ամեն ինչ սովորել էր:

Տիգրանի մտերիմ ընկեր Շահեն Սուքիասյանը պատմում է՝ բանակում զորավարժության ժամանակ Տիգրանը տանկով այնպիսի հնարքներ է կատարում, որ բոլորն ապշած են մնում. «Տանկի մաքսիմալ արագությունը 65 կմժ է, Տիգրանը 75-80 կմժ արագությամբ է վարում: Հաղթահարում է բոլոր արգելքները, ու արագ վարելու շնորհիվ՝ թումբերի վրայով թռչում: Զորավարժության ժամանակ, տեսնելով Տիգրանի «մանյովրները», գնդապետը կանչում է նրան: Տիգրանը սկզբում չի իջնում, հետո որ երկրորդ անգամ են հրաման տալիս, ստիպված իջնում է, տանկի շուրջ պտտվում, ստուգողական զննումն անցկացնում, նոր մոտենում է գնդապետին: Գնդապետը ջղայնացած ասում է. «Զինվո՛ր, էս ի՞նչ ես քեզ թույլ տալիս, երկու անգամ պետք է հրամայե՞մ»: Տիգրանս էլ պատասխանում է, որ նախ՝ իրավունք չունի տանկը լքել, և երկրորդ՝ պարտադիր ստուգողական զննում պետք է կատարի, հետո նոր հեռանա տանկից: Գնդապետը տեսնում է, որ գերազանց զինվոր է, սկսում է հարցեր տալ, պարտականություններից է հարցնում, Տիգրանը բոլոր հարցերին պատասխանում է ու շնորհակալագիր ստանում»:

Ընկերը նաև նշեց՝ որոշվել էր, որ Տիգրանը պետք է գնա Ռուսաստանում մրցույթի մասնակցի. «Ինքն օգոստոսին պետք է մասնակցեր այդ մրցույթին: Մայիս ամսից նախապատրաստական աշխատանքները պետք է սկսվեին: Տիգրանն ասում էր, որ այդ մրցույթից T 90-ով է վերադառնալու»:

Տիգրանը թեև մարզված էր, զբաղվում էր սպորտով ու գտնվում էր հիանալի մարզավիճակում, բայց չէր սիրում վեճերի մեջ ընկնել: Եղբայրը պատմում է, որ մի անգամ վեճի մեջ էր ընկել ու Տիգրանին էլ էր հետը տարել, որ լավ մարզավիճակում գտնվող տղային տեսնեն, իրենց չծեծեն, բայց կռվի ժամանակ Տիգրանը քաշվել է մի կողմ ու նայել, որովհետև կռվել չէր սիրում. «Հետո եկել ու մեզ էր նմանակում, թե ինչպես էինք կռիվ անում…»:

Շահենն էլ հիշում է, թե ինչպես են ինքն ու Տիգրանը մի անգամ որսի գնացել, բայց մի ողջ օր որս չեն կարողացել անել ու իրենց տարած մսից խորոված են պատրաստել՝ չմոռանալով այդ ամբողջ ընթացքում գործի դնել ֆոտոապարատը: Հարազատները պատմում են, որ Տիգրանը շատ էր սիրում լուսանկարվել:

Տիգրանը սիրել է նաև «չար» կատակներ անել Ժորայի հետ: Եղբայրը բազմաթիվ նմանատիպ դեպքերից մեկը հիշեց. «Մի անգամ կծու բիբար կար սեղանին դրված, Շահենը փորձեց, ասաց, որ կծու է, իսկ Տիկոն կծեց, ասաց՝ հեչ կծու չի, դու էլ կեր: Ես մեծ կտոր կծեցի ու … կսկծու ձայն չէի հանում, որովհետև մտածում էի, թե իրենց համար կծու չէ, իսկ ինձ համար կծու է: Մեկ էլ տեսնեմ՝ Տիկոն կարմրեց-կապտեց, իր վրա էլ էր ազդել, բայց խնդաց. կարևորը՝ իմ գլխին սարքել էր արդեն: Ընկերների գլխին էլ միշտ մի բան սարքում էր»:

«Չար» կատակներ Տիգրանն արել է նաև դպրոցում՝ ուսուցիչների հետ: «Ընկերներով թղթե ինքնաթիռներ էին սարքել, խաղացել, դասատուն ցուցափայտով ուզել էր մատներին հարվածել, բայց Տիգրանը հասցրել էր մատները ետ քաշել, իսկ այդ ընթացքում մյուս ձեռքով բռնել էր մատները, թե իբր շատ ուժեղ ցավում է: Այդպես գնացել էր բժշկի, ձեռքը վիրակապել էին, ու եկել էր տուն: Հետևից դասատուն էր եկել, որ ներողություն խնդրի, ասի, թե նման բան չէր ուզում անել, բայց Տիգրանն արդեն քանդել էր վիրակապը ու պարապում էր»,- պատմում է եղբայրը՝ հավելելով, որ Տիգրանը բացասական կողմ չուներ. «Միշտ ասում էր՝ «Գիտե՞ք՝ իմ մինուսը որն է, որ բոլորը պլյուս է, մի հատ մինուս չունեմ»»:

Տիգրանը սիրել է նաև շատ ժամանակ անցկացնել համակարգչի դիմաց: Մայրը հիշում է, որ մի անգամ ինտերնետով մի աղջկա հետ էր ծանոթացել, ով ասել էր՝ նկարը կուղարկի այն դեպքում, երբ Տիգրանն իր հեռախոսահամարը փոխանցի. «Տիգրանս հեռախոսահամարն ուղարկեց, նույն պահին այդ աղջիկն իր նկարն ուղարկեց: Այդ աղջկա նկարը հենց տեսավ՝ դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց: Ասացի՝ Տիգրան ջան, ի՞նչ եղավ, ասաց՝ մամ, հլա տես՝ ինչ գեշ է, վախեցա: Ու այդ աղջիկն անընդհատ զանգեց, Տիգրանն էլ հեռախոսը փոխանցեց եղբորը, որովհետև չէր ուզում զրուցել այդ աղջկա հետ: Հետո ասացի՝ տվեք ես խոսեմ: Տիկոս հարցրեց, թե՝ մամ, ի՞նչ պիտի ասես, ասացի՝ հեչ, պիտի ասեմ, որ աղջիկ ջան, իմ տղայից հեռու մնա…(Ժպտում է մայրն ու միևնույն ժամանակ արտասվում.- Ռ.Մ.)»:

Եղբայրն էլ նշում է, որ նախքան բանակ գնալը Տիգրանը Հայաստանի բոլոր այն զորամասերի մոտ, որտեղ բնակավայրեր կան, աղջիկ էր գտել. «Հոկտեմբերյանից որ պետք է տեղափոխվեր Ղարաբաղ, 10 օրով արձակուրդ էին տվել, էդ օրերին համակարգչի դիմացից տեղ չգնաց: Մեկ էլ տեսնեմ՝ ընկերները մի 50 հոգով ավելացել են, ու բոլորը՝ Ղարաբաղից, ծանոթացել էր, որ գնար այնտեղ՝ ընկերուհի ունենար»:
Հայրը մեզ պատմեց, որ որդին շատ էր սիրում գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանին ու հպարտանում էր նրա հաղթանակներով. «Նազիկի եղբայրն իր մտերիմ ընկերն էր, ու բոլոր մրցումներին նրանց տուն էր գնում, որ նայեր: Հետո Նազիկի հաղթանակներից ոգևորված՝ վերադառնում էր»:

Հարազատները Տիգրանի մասին պատմում էին այնպես, ասես հերոսը դեռ ծառայության մեջ է ու շուտով վերադառնալու է: «Սպասման հիվանդ դարձրեց բոլորիս, որովհետև ամբողջ կյանքում սպասելու ենք, որ գա…»,- ասում են Տիգրանի հարազատները: Տիգրանի մասին ամեն պատմություն լսելիս՝ մեզ մոտ էլ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե Տիգրանը հեռվում է, բայց շուտով վերադառնալու է, ու տեսնելու ենք մեր հերոսին …

Հերոսի հոր՝ Արամ Աբգարյանի անունով «Ինեկոբանկում» բացվել է հաշվեհամար.

Ineco bank 20 501 55 79 62 11 002 AMD
55 79 62 11 020 USD
55 79 62 11 040 EUR
55 79 62 11 041 RUR

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում