Հունիսի 12-ը Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է, նա զոհվեց 1993 թվականի հունիսյան այս օրը՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ։ Մոնթեն արցախյան ազատամարտի պայքարի մեջ մտավ 1991 թվականին: Ամենավառ, տաղանդավոր ու փորձառու հրամանատարներից էր: ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում ունեցած բացառիկ ավանդի և խիզախության համար հետմահու արժանացել է ԼՂՀ բարձրագույն կոչմանը՝ «Արցախի հերոս»՝ դառնալով «Ոսկե արծիվ» պարգևի ասպետ: Մոնթեն հրաշալի հրամանատար էր, բացառիկ զինվորական, բայց պատմության մեջ մնաց և ժողովուրդը նրա սիրեց նախ և առաջ մարդկային իր բացառիկ տեսակի, ազնվության և արդարամտության շնորհիվ։

Ծնվել էր Հայաստանից հեռո` Միացյալ նահանագներում, Եղեռնից փրկված ու Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում պայքարել էր ցեղասպանության ճանաչման, հայերի իրավունքների ու մեր հայրենիքի վերատիրման համար: Արցախյան ազատամարտին Մոնթեն զինվորագրվեց 1991 թվակականին` Շահումյանի շրջանից՝ խիզախության ու արդարամտության շնորհիվ ամիսներ անց դառնալով Մարտունու ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարը:


«Կուզեմ, որ ամեն մարդ հասկնա, թե որքան կարևոր է այս պատերազմը։ Հազարավոր տարիների նահանջեն հետո մենք վերջապես առիթը ունենք առաջ երթալու, մեր հայրենիքի տարբեր պատմական շրջանները վերադարձնելու»։

Մոնթեն՝ որպես զորավար, սպա և հրամանատար, կայացավ դժվարին մարտերում։ Սովորաբար մարտից երկու օր առաջ չէր քնում: Անձամբ ստուգում էր՝ արդյոք զինվորները որևէ բանի կարիք չունեն, տեղում է արդյոք սնունդն ու զինամթերքը։ Եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ առաջին շարքերում էր: Մոնթեի մարտական ընկերները նաև պատմում են՝ ամեն զոհի հետ մտահոգվում էր, անընդհատ մտածում էր՝ ի՞նչ անել նոր զոհիերից խուսափելու համար: Մոնթեի ներկայությունը հույս ու վստահություն էր ներշնչում, նա իր օրինակով էր բոլորին առաջնորդում ու սովորեցնում, հիշում ու պատմում է ազատամարտիկ Քաջիկ Ներսիսյանը․


«Ժողովուրդը հավատում էր Մոնթեին։ Գիտեին՝ նրա հետ հազար թուրք էլ լինի, հաղթելու են․․․»։

Մավրիկ Մարտիրոսյան, Մոնթեի զինակից ընկերը․ «Նման մարդ չեմ տեսել ու երևի էլ չտեսնեմ։ Եթե ինչ-որ բան չէր ստացվում, իր գլխին ուժեղ խփում էր՝ էշի մեկը, էշ, էս ինչ արիր»։

Ավոյի ղեկավարությամբ Մարտունին դարձավ պաշտպանված ու մարտունակ շրջան: Նա այսօր էլ ապրում է յուրաքանչյուր մարտունեցու հոգում՝ որպես իրենց հարազատ ու անփոխարինելի Ավոն։ Հիշում են պատերազմի տարիներին մարտունեցիների շրջանում տարածված համոզմունքը․ եթե Ավոն Մարտունիում է, մեզ գրադն էլ չի կպնի։ Պատերազմի տարիներին տիկին Ռայան ռազմական շտաբում էր աշխատում, հարսը տեղի խոհարարն էր, կանայք չեն հիշում, որ Ավոն երբևէ հանգիստ նստած ճաշելիս լիներ։ «Անընդհատ շտապում էր, վախենում էր չհասցնել։ Մոնթեն լեգենդ է, լեգենդ․․․»։


Ոչ մի կին, ոչ մի սեր. միայն հայրենիք: Երիտասարդ հայրենասերի անսասան թվացող այս որոշումը մի օր խախտել էր փոքրիկ ու համարձակ մի աղջիկ՝ Սեդան։ Ցավոք, ժամանակն ու պատերազմը թույլ չտվեց նրանց իրագործելու լիարժեք ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու երազանքը: «Ինքը ինձ հեռախոսով է ասել, որ սիրում է ինձ: Հետո նամակներով ասում էր որ երկու շատ կարևոր բաներ կան իր համար՝ հայրենիքը, աշխատանքն ու դու»:

1993 թվականի հունիսյան այս օրն Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ Մոնթեն ընկերոջ՝ Սարիբեկի հետ մի զրահամեքենա են տեսնում։ Կարծելով թե հայեր են, մոտենում են։ Սակայն զրահամեքենայում ադրբեջանցիներ էին։ Փոխհրաձգության ընթացքում զոհվում են Մոնթեն ու Սարիբեկը։

«Գոնե ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում: Իր բանակին նա իշխեց ազնվությամբ: Պատկերացրեք 30-40 տարեկան ֆիդայի, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի փոքրիկ իշխանի ազնվությամբ և պարզությամբ: Այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր ետևից բանակներ կարող է տանել: Կուզեի, որ «Դանկոյի սիրտը» գրված չլիներ, նյութը փչացրել են, իսկ կերպարը Մոնթեին շատ է բնորոշ». Սպարապետ Վազգեն Սարգսյան: