Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանի եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրելյանի դիերն այսօր՝ հուլիսի 17-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին։

Սմբատ Գաբրիելյանը Ճամբարակից էր եւ այնտեղի քաղաքային գերեզմանոցում էլ հուղարկավորեցին։ Սմբատը հետմահու պարգեւատրվել է « Մարտական ծառայություն» մեդալով, որը նրա ընտանիքին է հանձնվել ՀՀ ՊՆ պաշտոնյաների կողմից:


Սմբատ Գաբրիելյանը 6 ամսից զորացրվելու էր, Մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ուսանող էր։ Երեք եղբայր էին, նրանցից մեկը մահացել էր տարիներ առաջ, հայրը նույնպես զինվորական է, մայրը՝ ուսուցչուհի։

Սիսիանի քաղաքային պանթեոնում էլ հուղարկավորեցին Գրիշա Մաթեւոսյանին՝ կրկին զինվորական կարգով։

20-ամյա կրտսեր սերժանտը մի քանի օրից պիտի զորացրվեր. մեկ եղբայր ունի, հայրը՝ անհատ ձեռներեց է, մայրն էլ ուսուցչուհի։

Հիշեցնենք, որ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին նաեւ Մայոր Գարուշ Համբարձումյանին, իսկ Մարմաշենում՝ կապիտան Սոս Էլբակյանին։