Lragir.am-ը գրում է. Հուլիսի 28-ը Հայաստանի զինված ուժերի համար այսպես ասած ռազմա-քաղաքական դիվանագիտության բացառիկ օր է, երբ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինն այցելել է ՊՆ եւ հանդիպել նախարար Դավիթ Տոնոյանի հետ, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբ եւ հանդիպել շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Երկու հանդիպումների ընթացքում էլ խոսվել է թե երկկողմ գործակցության, թե ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցերի, բնականաբար նաեւ հայ-ադրբեջանական լարվածության մասին:


Հայաստանի զինված ուժերը հայտնվել են ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրողությունների եւ բազմաշերտ շրջապտույտի առանցքում, Տավուշի ռազմագործողությունների արդյունքով վերհաստատելով Հայաստանի Հանրապետության ռազմա-քաղաքական դերը որպես ռեգիոնալ կայունության եւ անվտանգության «ունիվերսալ» երաշխավոր: «Ունիվերսալ» այն իմաստով, որ Հայաստանն ի զորու է համադրել աշխարհաքաղաքական իրարամերժ բեւեռների մոտեցումների եւ հետաքրքրությունների նվազագույն պաշար, ինչը թույլ է տալիս ձեւավորել հայկական բռունցքի միջազգային լեգիտիմության նվազագույն անհրաժեշտ պաշարն եւ աշխատել այն ընդլայնելու ուղղությամբ:


Գլխավորն այստեղ, անշուշտ, ինքնիշխան եւ համարձակ որոշումների կարողությունն է, ինչի տեսանկյունից Տավուշում ռազմական գործողությունները Հայաստանի թերեւս նոր որակի եւ բովանդակության հայտ էին: Ի դեպ, խնդիրը դրանց եւ նախկին իրողությունների համեմատությունը չէ բացարձակապես, քանի որ այդ տեսանկյունից հայկական զինուժը ապահովել է իր դերի եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակի կայուն շարունակություն անգամ այն փուլերում, երբ ինչ-ինչ զարգացումների արդյունքում խախտվել է ռազմա-քաղաքական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի:

Խնդիրը ներկայումս այն է, որ Տավուշում ադրբեջանական սադրանքին հայկական պատժիչ, համեմատության մեջ թերեւս ասիմետրիկ պատժիչ հարվածը գործնականում կանխել է իրադարձությունների մի ընթացք եւ փաստորեն թելադրել մեկ այլը, ստեղծելով նոր իրավիճակ:

Մեծ հաշվով, հայկական ուժերը ռեգիոնալ բոլոր մեծ ու փոքր խաղացողներին առերեսել են ռազմա-քաղաքական իրողությունների նոր մակարդակի: Դրա էութունը այն է, որ ռեգիոնում սահմանափակվում է ռազմական սողացող շանտաժի քաղաքականության հնարավորությունը եւ կամ լայնամասշտաբ պատերազմ եւ գործնականում ռեգիոնալ, աշխարհաքաղաքական մասշտաբի աղետ, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաեւ առնվազն մերձակա խաղացող կենտրոններին, կամ ռեգիոնալ համակեցության «առանց նախապայմանի խաղաղության» տրամաբանության շուրջ երկխոսության ծավալում:

Այդ իրողությունը խաղից դուրս է դնում Բաքվին, իսկ Թուրքիային թողնում բավականին բարդ վիճակում, որովհետեւ Անկարան մի կողմից անկարող է թողնել Բաքվին, մյուս կողմից Ալիեւի Ադրբեջանն Անկարայի համար դարձել է ոտքից կապված «քար», որը ժամանակի ընթացքում ավելի նյարդայնացնելու է խանգարելով, քան լինելու է ձեռքի տակ եղած հավելյալ ուժ:

Առավել մանրամասն՝ սկզբնաբղյուր կայքում