Դուք ինձնից քաղաքական գնահատական եք ուզում. ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանըը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կիողմը ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է:

Հարցին, թե դա բավարա՞ր է պնդելու համար, որ չենք հաղթել, նա արձագանքեց. «Ես չեմ պնդողը, ոչ էլ պնդում եմ, որ հաղթել ենք: Որպես պաշտպանության նախարար ես հաղթելու կողմնակիցն եմ»:


Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովին, նա ասաց. «Հանձնաժողովը հանգամանքները պարզելու մեծ աշխատանք է կատարել, երբ կլինի հանձնաժողովի զեկույց, այդ ժամանակ հարցեր տվեք:

ՊՆ-ն շատ մանրամասն վերլուծություն է արել, շատ հարցերի պատասխաններ տվել է: Ընդ որում եղել է շատ մեծ ինքնաքննադատություն: Ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի մեր ինքնաքննադատությունը որոշակի ռումով կարող է հրապարակային դառնալ, որոշակի առումով՝ ոչ»:

Հարցին, թե արդյոք կորցրած դիրքերը ռազմական ու ռազմավարական նշանակություն են ունեցել, նախարարն ասաց. «Բոլոր դիրքերն են ընդհանրապես ռազմական նշանակության: Դիրքերը լուծում են մարտավարական խնդիր, որովհետեւ այդ դիրքերը մեկ վաշտի, մեկ դասակի դիրքեր են»: