Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Այս մասին Արցախի ԱԺ-ում ելույթ ունենալիս ասել է Արայիկ Հարությունյանը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի:

Մեզանից ավելի շատ խաղաղություն սիրող ու խաղաղության կողմնակից չկա:

Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է, և պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքն ու ընտանիքները:

Իրավիճակի սրման համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը:

Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը»,- նշել է նա։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ավելի ուշ նա գրել էր, որ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է Պողոսյանը։

Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։

Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: