Թուրքական մամուլը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի մեջ Թուրքիայի ուղղակի ներգրավմածության հերթական փաստն է բերում:

Թուրքական «Milliyet» թերթի կայքում հոդված է հրապարակվել «Հայաստանի թիրախներին Bayraktar-ն է հարվածում» վերնագրով:

«Հայաստանի դեմ Ադրբեջանին օգնելու վերաբերյալ ԱԳՆ-ի՝ «ինչպես, որ ցանկանա (Ադրբեջանը), այդ ձևով էլ կողքին կլինենք» ձևակերպմամբ աջակցության ուղերձը օրակարգ է բերել նաև զինվորականներ ուղարկելու տարբերակը: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի պատասխանատուներին հստակ փոխանցվել է, որ ամեն տեսակի օգնություն կտրամադրվի, ներառյալ՝ այդ տարբերակը: Ընդգծվել է, որ առաջնահերթությունը էներգետիկ միջանցքի անվտանգությունն է, միաժամանակ նշվել է, որ հարմար պայմանների ստեղծման դեպքում պետք չէ խորշել բանակցությունների սեղանին վերադառնալուց»,- ասված է հոդվածում:

Հրապարակման մեջ նշվել է, որ Ադրբեջան զորք ուղարկելու տարբերակը հնարավոր է միայն նախագահի կողմից շրջանառության մեջ դրվող օրինագծի միջոցով, որը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: «Աղբյուրները նշում են, որ նման օրինագծի համար հիմք կարող է հանդիսանալ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը»:

Հրապարակման մեջ նշվել է, որ ադրբեջանական բանակը հայկական թիրախներին հարվածում է թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներով: