Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առնվազն երեք սիրիացի զինյալ է զոհվել, գրում է The Guardian պարբերականը:

Սիրիական Աթարիբ քաղաքից սպանված զինյալ Մուհամեդ Շալանի զարմիկ Օմար Աբդոյի խոսքով՝ երեքշաբթի «Համզա» ստորաբաժանումից իրենց տեղեկացրել են Շալանի մահվան մասին:

«Մեզ ասաց, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջան է մեկնում: Նրա մահվան հանգամանքները չգիտենք: Ասել են, որ դժվար է դիակն այս պահին բերել, սակայն կփորձեն»,- նշել է Աբդոն:

Աին Ջարա գյուղից Հուսեին Թալհա և Կարիմ շրջանից Սադամ Ազիզ Ազքոր զինյալների ընտանիքներին նույնպես նրանց մահվան մասին հրամանատարներն են տեղեկացրել: Տեղական լրատվամիջոցները հայտնել են նաև ևս երեք զոհի մասին:

Մինչ դիտորդները փորձում են հասկանալ՝ինչու Բաքվի զինված ուժերը սիրիացի վարձկանների կարիքն ունեն, առաջնագծում սիրիացիների արագ զորահավաքը և նրանց՝ դեռևս մեկ ամիս առաջվանից հավաքագրումը թույլ են տալիս եզրակացնել, որ Ադրբեջանն այս ռազմական գործողությունները երկար ժամանակ է ծրագրել:

Հեղինակավոր պարբերականը, ավելի վաղ հայտնելով ԼՂ ռազմական գործողություններում արտաքին միջամտության մասին, մտավախություն էր հայտնել, որ այն կարող է տարածաշրջանային մեծ հակամարտության վերածվել:

Նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն չորրորդ օրը շարունակվող կատաղի ռազմական գործողություններում թուրքական անվտանգության ընկերություններում որպես վարձկաններ աշխատող սիրիացիների ներկայությունն ազդարարում է Անկարայի ագրեսիվ քաղաքականության նոր մակարդակին անցումը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերքել են Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների ներկայությունը և Հայաստանին մեղադրել են մարտական գործողություններում քրդական զինվորական խմբերի ներգրավման համար, սակայն որևէ ապացույց չեն ներկայացրել:

Նշվում է, որ սիրիական Իդլիբ նահանգում ընդդիմության մի քանի ներկայացուցիչ պարբերականին հայտնել է, որ այս շաբաթ զինվորական հրամանատարներ ու գործակալներ իրենց Ադրբեջանի անցակետերի ու նավթագազային ենթակառուցվածքների հսկողության համար 7-10 000 թուրքական լիրայի (700-1,000 դոլար) դիմաց 3-6 ամսով աշխատանք են առաջարկել: