Արցախում պատերազմական գործողություններ իրականցնելիս զոհվածների թվում էր նաև Պառավաքար գյուղի բնակիչ, 2000 թվականի ծնված զինծառայող Կարեն Մարգարյանը: Tert.am-ի հետ զրույցում նրա ավագ եղբայր Սարգիս Մարգարյանը նշում է, որ Կարենը սովորել շատ էր սիրում, ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ անվճար, առաջին կուրսում էր սովորում:

Եղբայրը նշում է, որ Կարենը գերազանցիկ էր նաև բանակում՝ ստացել է բանակի գերազանցիկի մեդալ, սկզբում եղել է կրտսեր սերժանտ, ապա՝ սերժանտ, շուտով պետք է ստանար ավագ սերժանտի կոչում, ծառայությունը ավարտելուն երեք ամիս՝ 106 օր էր մնացել։

Կարեն Մարգարյանը տան փոքրն էր, իրենից մեծ եղբայր ու քույր ուներ: Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ, առաջին կիսամյակը գերազանց գնահատականներով է ավարտել ու պատրաստվում էր բանակից հետո ուսումը շարունակել:

«Կուրսում առաջատար աշակերտ էր, սովորել շատ էր սիրում, նույնիսկ ծառայության ողջ ընթացքում գրքեր ու տետրեր էր ուզում, որ սովորեր, վերջին գիրքը, որ պիտի օրերս ուղարկինք, տնտեսագիտության տեսություն էր, ավաղ՝ չհասցրեցինք: Ազատ ժամանակ մտածում էր իր դասերով զբաղվելու մասին, որ ծառայությունից վերադառանալուց հետո համակուսեցիներից հետ չմնար, գիտության հետ կապված ձգտում էր ամեն ինչ իմանալ»,-նշեց եղբայրը :

Կարեն Մարգարյանին իրենց ցավակցական խոսքն էր հղել Հայաստանի պետական տնտեսագիտական հալասարանը՝ նշելով, որ Կարենը բոլորի սրտերում է. «Հիշատակդ վառ սիրելի Կարեն, խոնարհում և փառք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Արցախում՝ 7 մարդ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։