Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանի առաջնագծում՝ Կարախանբեյլի-Ֆիզուլի հատվածում թվով 15 տանկ և մեկ միավոր Հետևակի մարտական մեքենա խոցած, այսօրվանից արդեն Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի տունն է:

Տանտիրուհին՝ տիկին Սուսաննան, մի քանի ժամ է՝ ժպիտով ընդունում ու ճանապարհում է ծանոթ-անծանոթ մարդկանց, ովքեր այս տուն են մտնում տիկնոջը շնորհավորելու ու երախտիքի խոսք հայտնելու: Նույն իրավիճակն է նաև Ռուսաստանում, որտեղ էլ նման շնորհավորանքներ է ստանում Դավիթի հայրը:

«Այսօրվանից Դավիթի անունով փողոց է լինելու գյուղում, Սարդարապատցի Դավիթի անունով»,- խոստանում է Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:

Դավիթի՝ առաջնագծում լինելու մասին հարազատներն այսօր են իմացել, բայց որ Դավիթը մեծ մարդ պիտի լինի, տիկին Սուսաննան գիտեր դեռ վաղուց, երբ նա դպրոցում նոր էր սկսել անել իր առաջին քայլերը:

«Երբ գնաց առաջին դասարան, մեկ շաբաթ անց դասվարը կանչեց, ասաց՝ Դավիթը մեծ մարդ է դառնալու»,-հազիվ նշմարվող ժպիտով պատմում էր հերոսի մայրը՝ Սուսաննա Գրիգորյանը:

Թերթում է Դավիթի՝ դեռ առաջին դասարանում օգտագործած ու խնամքով պահած տետրերը, շախմատի ու կարատեի ոլորտում ստացած մեդալները, հիշում Դավիթի անչափ կազմակերպված մարդկային տեսակի ու քչախոս լինելու մասին:

Այն, որ Դավիթը քչախոս է, անչափ համեստ, բոլորն են ասում: Դասընկերը, ում հետ նաև սահմանին են եղել, այսօր արդեն հպարտությամբ ասում է, թե չխոսկան Դավիթից նման բան չէր սպասի:

Բայց նույն չխոսկան Դավիթը քրոջ՝ Գայանեի խոսքով, ոչ մի օր չի թողել, որ առանց ծիծաղի անցնեն դպրոցի ճամփան:

Գայանեի որդու՝ օրեր առաջ ծնված Արեգի ծնվելուն ամենաանհամբեր սպասողը քեռին՝ Դավիթն է եղել: Այսօր արդեն Արեգն է սպասում հերոս քեռու վերադարձին:

Իսկ մինչ այդ հարազատ-բարեկամ, ծանոթ-անծանոթ մի կտուրի տակ սրտի թրթիռով սպասում են Դավիթի զանգին, որ նրան ասեն հպարտության ու շնորհակալության ամենաջերմ խոսքերը:

Առավել մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում