«Արցախում զոհված Անդրանիկ Կարենի Գրիգորյանը որպես սպա ծառայում էր Հայոց բանակում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, որը նաև Անդրանիկի հարևանուհին է:

«Անդրանիկը 27 տարեկան էր, վերջերս էր ամուսնացել՝ 3 ամիս էլ չկա: Ճիշտ է, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ հարսանիք չարեցին, բայց հավաքվեցին, հարսնացուին բերեցին: Անդրանիկն ունի 1 քույր, 1 եղբայր, վերջինը պայմանագրային է, նա էլ է ռազմաճակատում եղել: Պատերազմ է գնացել նաև նրանց հայրը՝ որպես կամավոր: Հայր ու որդիներ տարբեր ուղղություններում են կռվել: Նրանք հիմա այստեղ են, քանի որ Անդրանիկի հուղարկավորությունը երեկ է եղել, բայց ասում են՝ էլի գնալու են ռազմաճակատ»,- պատմեց Ալվարդ Մանուկյանը:

Նրա բնութագրմամբ՝ Անդրանիկն առօրյայում շատ համեստ էր, և չնայած նրան, որ զինվորական կարիերայում լուրջ հաջողությունների էր հասել, երբեք այդ համեստությունը չէր կորցրել.

«Զինվորականին վայել լրջություն ուներ, նույնիսկ խաղաղ պայմաններում հայրենիքի ճակատագրով մտահոգված էր, ինքն իսկական զինվորական էր: Համեստ էր, զուսպ էր, խելացի էր, մարդկանց հարգում էր: Ամեն անգամ, որ համայնք էր գալիս՝ բոլորին այցելում էր, սիրուն, ժպիտով, ամոթխած. Իր հայրիկն իրենով շատ էր հպարտանում, չափազանց շատ»:

«Հիմա թաղում մի հատ տխրության ամպ է իջած՝ մեծ, փոքր, ահել-ջահել, ռիսկ չես անում բարևել մարդկանց, լացում են, սրտները լիքը: Ճիշտ է, մենք բոլոր զոհերի համար առանձնահատուկ ցավ ապրել ենք, բայց Անդրանիկի կորստի հետ չենք համակերպվում, քանի որ ով մեկ անգամ իր հետ շփվել էր, շատ ծանր տարավ, որովհետև ինքը շատ լավ մարդ էր: Հիշում եմ՝ թաքնված ժպիտ ուներ, ինչքան հարցնում էինք, թե վիճակը ո՞նց է, պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է, շատ էր սիրում իր մասնագիտությունը: Շատ հարգանքով տղա էր, մարդիկ սիրում էին իրեն, միայն լավը կարող ենք ասել մեր Անդրանիկի մասին ու իրեն հիշելով՝ ապրեցնենք իրեն, մեր սփոփանքը դա է»,- եզրափակեց Ալվարդ Մանուկյանը: