Ադրբեջանցի զինվորները Ջաբրայիլի շրջանում գտնվում են շրջափակման մեջ ու անելանելի վիճակում են։ Ադրբեջանական Freeazerbaijan.org կայքը գրում է, որ իրենց խմբագրություն է դիմել ընթեցողներից մեկը, որը հայտնել է, որ իր որդին ստորաբաժանման հետ միասին շրջափակման մեջ է ընկել Ջաբրայիլի շրջանում։ Զինծառայողը հեռախոսով խոսել է ծնողների հետ ու հայտնել, որ մի օրից ավելի է՝ չեն կարողանում հրամանատարության հետ կապ հաստատել։ Զինծառայողը նաև հայտնել է, թե ռադիոկապը լավ է աշխատում, իրենք լսում են Ադրբեջանի ԶՈՒ-ի տարբեր ստորաբաժանումների խոսակցությունները, բայց իրենց հետ ոչ ոք կապի դուրս չի գալիս։ Իրենց պարզապես թողել են, որ մեռնեն։ Կայքի զրուցակցի խոսքով՝ ստորաբաժանումները ենթարկվում են հրետանային հարձակումների և զինծառայողներն արդեն մտածում են հանձնվել, գերի ընկնել՝ կյանքերը փրկելու համար։ Լրատվամիջոցի զրուցակիցը նաև նշել է, որ չի ուզում, որ իր որդուն դավաճան համարեն, և զայրացած է, որ երկրի ռազմական ղեկավարությունն իր զինծառայողներին այդպես է վերաբերվում։ Դիմելով ԶԼՄ-ին էլ՝ զրուցակիցը հույս է հայտնում, որ հարցը կբարձրացվի և կազդի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։