ԼՂ հակամարտության կարգավորման հարցով պետք է զբաղվեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլև այլ երկրներ ևս։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես այն տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլիներ համապարփակ, հարատև, հավերժ՝ աշխարհի առաջատար երկրների լուրջ հովանու ներքո։ Այն երկրների, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Ես չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբերվել Մինսկի խմբի կազմից»,- ասել է Ալիևը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանային գերտերությունների ակտիվ մասնակցությունը, միջազգային կազմակերպությունների երաշխավորությունը և, իհարկե, ադրբեջանցիներին այն հողերի հետ վերադարձ, որոնք օրենքով պատկանում են նրանց»,- հավելել է նա՝ խոսելով իրավիճակի կարգավորման ճանապարհների մասին։