Սլովակիայի դիվանագիտական գերատեսչությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Լեռնային Ղարաբաղին որպես մարդասիրական օգնություն է փոխանցել 25 հազար եվրո: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնել Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկին:

Անցած շաբաթ Սլովակիայի դիվանագիտության ղեկավարի հետ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը»: «Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը», – ասված է հաղորդագրությունում: