Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ տեսաուղերձով դիմել է ժողովրդին։ «Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդամենը մի ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով։ Բայց ուշ չէ։ Նորից եմ նշում, հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությանը, հետո, հաջողության դեպքում, նաև Հայաստանը: Այդ ձեռագիրը մենք տեսնում ենք։ Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ ռազմական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։ Մեզ պետք է համախմբվել, միավորվել և մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու կամ չպահելու, պատվով ապրելու փոխարենն անպատիվ ապրելուց հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։ Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլ նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքն զգում ենք։ Մենք հաղթելու ենք»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում։