«Ինքը շատ խիզախ, խրոխտ, համարձակ, դուխով տղա էր, որ ծառայում էր՝ մարտական բարձր տրամադրությամբ: Բանակում ծառայելուց հետո դիմում գրեց, որ դառնա սպա, շատ հայրենասեր էր, թուրքից էլ ընդհանրապես չէր վախենում, հակառակը, իր համար խնդիր էր դրել՝ վերացնել մինչեւ վերջին թուրքը:

Եթե մի հատ առնական, դուխով տղա կա, էդ մեր Միհրանն էր, որ ոչ մի բանի մասին չէր մտածում, մենակ մտածում էր՝ իր մարտական առաջադրանքը կատարեր»,- Aravot.am-ի հետ զրույցում ավագ լեյտենանտ, իր բացառիկ հերոսության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան ստացած Միհրան Ավդալյանին այսպես նկարագրեց նրա հորեղբոր որդին՝ Արամայիս Ավդալյանը:

Հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Միհրանը շքանշանի էր արժանացել՝ մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողության ու շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին փրկելու, շրջափակումից հանելու համար: Շքանշան ստանալու հաջորդ օրը գալիս է Միհրանի զոհվելու բոթը:

«Ամեն օր էլ խոսում էինք իր հետ, երբ իր հանգստի ժամն էր, վերջին օրն էլ ենք խոսել, ասում էր՝ թուրքերին պիտի կոտորենք, մեր պապերի կիսատ գործը շարունակենք, որ հանգիստ ապրենք մեր հայրենիքում, իրոք լինենք ազատ ու անկախ: Ինքը շատ ավելի մեծ սխրանքներ ունի արած, դա միայն հերթականն էր, դրա համար էլ ստացավ շքանշան: Ավագ լեյտենանտի կոչումն էլ ստացավ, շքանշանը ստացավ ու հաջորդ օրը զոհվեց՝ հրետակոծության հետեւանքով:

Իրեն կռվի դաշտում չէին կարող կրել, ուղղակի ականանետից արկ է ընկել ու ինքը…»,- պատմեց Արամայիս Ավդալյանը: Միհրանի երեխաներից մեկը 2.5 տարեկան է, մյուսը ծնվել է հենց կռվի օրերին, անունը դրել է Ռոբերտ՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատվին. «Դա իր ցանկությունն էր, ինքն էր ուզում Ռոբերտ դրվի: Փոքր տղային չտեսավ, մենակ նկարներով է տեսել, ուղարկել էինք իրեն: Կինը, ընտանիքի անդամները դեռ չեն հավատում, որ Միհրանը չկա, գիտեն՝ իրենց տղեն դեռ պոստերում է…»: