Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում այսօր էլ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Մարտակերտ քաղաքն ու հարակից գյուղերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը:

«Այսօր վաղ առավոտյան, ժամը 07:30-ի սահմաններում հակառակորդի կողմից կրկին հրետակոծվել են Մարտակերտ քաղաքի մոտակա գյուղերը, ոչ ինտենսիվ՝ նաև քաղաքը: Հրետակոծության հետևանքով վնասվել են բնակարաններ և հասարակական նշանակության շինություններ: Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի խոսքով՝ քաղաքում վնասի չափը մեծ է և ամենօրյա աշխատանքներ են տարվում այն ճշտելու համար: Ժամը 14:40-ի դրությամբ՝ դեռևս, ոչ ինտենսիվ ձևով հրետակոծվում է Մարտակերտը»,- ասաց Զաքարյանը:

Լրագրողի խոսքով՝ քաղաքում գործում է կոմունիկացիոն համակարգը, կա էլեկտրական հոսանք, ջուր, սակայն դեռ չկա բնական գազը, որն, անվտանգության նկատառումներով, կտրվել էր պատերազմի հենց առաջին օրը:

«Բնակչության հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խուճապ կամ ընկճվածություն չկա, ապաստարաններում են: Բոլորը մտածում են միայն հաղթանակի մասին»,- նշեց Լուսինե Զաքարյանը: