Հայտնի հեռուստահաղորդավար Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արժանացրել է «Արցախի հերոս» կոչման:

«Սիրելի ՛ հայրենակիցներ,

Մենուան ընկերների հետ Արցախ էր եկել իր մեծ երազանքի հետևից՝ հող հայրենին պաշտպանելու և նրա հարատև գոյությունն ապահովելու համար: Նրա հետ ծանոթացա պատահական, առաջնագծում: Շփումը կարճ էր, ընդամենը մեկ օր, բայց շատ տպավորիչ: Նրա համարձակ պահվածքը, լուսավոր ու պայծառ մտքերն անմիջապես գրավեցին իմ ուշադրությունը: Անգամ հասցրեցինք խոսել հաղթանակից հետո անելիքների մասին: Բայց ծրագրերն անկատար մնացին…

Կարին Տոնոյանի որդուն ինձ համար բացահայտեցի` որպես իսկական հայ ասպետի, որի կատարած հերոսական քայլը կանխատեսելի էր մարտի մեկնելու պահից: Անմահացավ` հանուն իր երկու անչափահաս բալիկների և հանուն մեր ժողովրդի հպարտ ու արժանապատիվ ապագայի…

Վշտակցում եմ նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:

Մարտադաշտում նրա կատարած սխրագործությանը Հայրենիքն արժանի գնահատական է տալիս. Մենուա Հովհաննիսյանն իմ հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

Խոնարհումս մեր հայրենիքի ազատության համար բոլոր ընկածների հիշատակին:

Հազա ՛ր փառք մեր ժողովրդի լավագույն զավակներին:

Հ.Գ.

Կարդացի Մենուայի մոր՝ Կարին Տոնոյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը և թշնամուն չենք զիջի մեր Արցախը»,- նախագահ Հարությունյանը գրել է սոցիալական ցանցի իր էջում:

Կարին Տոնոյանն իր բաց նամակում մասնավորապես նշել էր. «Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝

Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝

Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլևս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջև, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է... հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն: ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է»: