Հայրենի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը կատարելիս անմահացավ ՀՀ զինված ուժերի մայոր Արայիկ Սարգսյանը:

Խիզախ հայորդին ծնվել էր 1987 թվականին Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում: 2004 թվականին ավարտել էր դպրոցն ու ընտրել զինվորականի մասնագիտությունը: 2008 թվականին ավարտելով ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյաի անվան ռազմական համալսարանը` ծառայության էր անցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զրահատանկային ստորաբաժանումներից մեկում:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Որդին՝ Արենը, 6 տարեկան էր, իսկ դուստրը՝ Անահիտը, դեռ երկու ամսական էր և այդպես էլ չհասցրեց զգալ հայրական անսահման սիրո բերկրանքը:

Ամենայն նվիրվածությամբ կատարում էր զինվորականի իր առաքելությունը: Ծառայողական առաջընթացին զուգահեռ վերադաս հրամանատարությունը մի քանի անգամ փորձել էր նրան ծառայությունը շարունակելու համար այլ վայրեր տեղափոխել, բայց ինքն անձամբ նախընտրել էր մնալ Արցախում, քանզի իր հերոս նախնիների արյամբ սրբագործված հողի ամեն մի թիզը թանկ էր նրա համար:

Արիաբար մարտընչել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմում`արժնանլով մի շարք կառավարական և գերատեսչական պարգևների: Այս պատերազմում էլ անմնացորդ նվիրվեց հայրենի սահմանների պաշտպանության վեհ գործին և անմահացավ հանուն մեր լուսավոր գալիքի:

Փառք քեզ հերոս հայորդի: