Արցախում նահատակված Հայկ Արամի Արշակյանը 19 տարեկան էր, 1 տարի չկար, որ զորակոչվել էր, սակայն հասցրել էր դառնալ 30 լավագույն հրետանավորներից մեկը: Ապրում էր Հրազդան քաղաքում՝ ծնողների և 4 տարեկան քրոջ հետ:

168.am-ի հետ զրույցում Հայկի հորաքրոջ աղջիկը՝ Սյուզաննան, պատմեց, որ եղբայրը դպրոցում գերազանց էր սովորում, ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, 1 կիսամյակ սովորեց, ապա մեկնեց ծառայության:

«Ինքը շատ դրական էր, միշտ ուրախ, միշտ իր հումորներով: Հայկը КВН-ը շատ էր սիրում, համալսարանում միշտ մասնակցում էր հումորային միջոցառումներին: 2021 թվականի հունվարին կլրանա 1 տարին, որ զորակոչվել էր»,- պատմեց Սյուզաննան:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայկն արձակուրդ չէր եկել, բայց ամեն օր զանգում էր, պատմում բանակային կյանքից, շատ ուրախ էր, որ դիրքեր էր բարձրանում.

«Շատ էր ուզում գալ արձակուրդ, շատ էր սպասում… Ծառայությունից շատ գոհ էր, պոստերից՝ առավելևս, ասում էր՝ այստեղ ընտիր է ամեն ինչ, շատ լավ է, մեր ուզածով է:

Հայկը վերջին անգամ հենց հորաքրոջ աղջկա հետ է խոսել՝ հոկտեմբերի 9-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել հաջորդ օրը, երբ հրադադար էր հայտարարվել.

«Էլի ասաց՝ սաղ լավ է, սաղ ընտիր է, մեր մոտ խաղաղ է… Ասում էր՝ ձեզ լավ նայեք, դուք զգույշ եղեք, մեզ մոտ ամեն ինչ լավ է, զանգում՝ ինքն էր մեզ դուխ տալիս: Հրադադար հայտարարելու օրը, իրենց մոտ՝ փոսի մեջ, 2 վիրավորներ են եղել, հրամանատարը հարցրել է՝ ո՞վ կգնա, կհանի վիրավորներին, առաջինը Հայկն է վազել, որ փոսից հանի նրանց, բայց հենց մտել է փոսը, արկն ընկել է հենց փոսի մեջ…»:

 Հայկը շատ երազանքներ ուներ, որոշել էր զորացրվելուց հետո ուսումը շարունակել համալսարանում, բայց զուգահեռ խորանար IT ոլորտում, ինչպես նաև դառնար հումորիստ.«Ուզում էր КВН-ի ոլորտում էլ խորանար… Ինքը միշտ հումորներ էր անում՝ անեկդոտներ պատմում, հենց այս պատերազմական իրավիճակում էլ զանգում էր ու անեկդոտներ էր պատմում, մեզ դուխ էր տալիս: Մի անգամ էլ, երբ պետք է գնային հաց ուտելու, մոտեցել են ավտոմեքենային, որ նստեն, ավտոմեքենան արդեն շարժվել է, վարորդն ասել էր՝ չենք կարող կանգնել, հենց կանգնենք, սնարյադը կխփի, ավելի լավ է՝ դուք վազելով հասեք տեղ: Հայկը պատմեց, որ ճանապարհին լսել են անօդաչուի ձայնը, ասաց՝ հետիս ընկերոջը պառկացրի, ես էլ պառկեցի վրան, որ հանկարծ իրեն բան չլինի կամ չվախենա, ու այդ պահին սնարյադները խփում էին մեր կողքերը, բայց մեզ չէր կպնում, ու, որ հետի ընկերը չվախենար, իրեն էլ էր բաներ պատմել, ծիծաղեցրել, որ հանկարծ չվախենար: Հետո այդ ամենն ավարտվել էր, գնացել էին «իրենց գործերով»…»: