Այսօր մայոր Արթուր Նալբանդյանի ծննդյան օրն է: Գյումրեցի մայորը սեպտեմբերի 16-ից առաջնագծում է, իսկ սեպտեմբերի 27-ից՝ պատերազմական գործողությունների կիզակետում: Արթուրի կինը՝ Նարինեն, Hraparak.am-ի հետ զրույցում պատմում է՝ որպես 10 տարվա ռազմականի կին,հասցրել է հոգեպես կոփվել, սա Արթուրի առաջին պատերազմը չէ, եւ առաջին ծննդյան տարեդարձը չէ, երբ տանը չի անցկացնում:

«Մենք չենք զանգում իրեն, մեզ արգելել է, բայց երբ պահը գտնում է, ինքն անպայման զանգում է, աղջկան է ուզում, հետը խոսում , ծնողների հետ է նաև պարտադիր խոսում: Ինքն է մեզ էնտեղից հույս տալիս, դեռ ոչ մի հուսահատեցնող խոսք չենք լսել իրենից, իր հետ խոսելուց հետո էնպես լիցքավորվում ես»,-պատմում է մայորի կինը: Նարինեն համոզված է՝ այսօր էլ ամուսինն անպայման զանգելու է, եւ առիթ են ունենալու անձամբ շնորհավորելու իրենց հերոսին: Արթուր Նալբանդյանը ապրիլյան պատերազմին ճակատագրի բերումով է մասնակցել: 2016թ ապրիլի մեկից ծառայության է անցել Արցախում ՝ Քարվաճառում որպես ավտոծառայության պետ եւ մասնակիցը դարձել քառօրյա պատերազմի: Հարազատների համար, սակայն, անմոռանալի է 2015թ-ը, երբ Արթուրը ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ղեկավարությամբ թափանցել են թշնամու թիկունք եւ ոչնչացրել կարևոր նշանակության զինտեխնիկա, որի համար պարգևատրվել է մեդալով: Արթուրի քույրը՝ Անին, պատմում է, թե ինչպես են զորամասում բոլորն իմացել, իբր Արթուրը զոհվել է, քանի որ բարձրանալով դիրքեր հայտնվել է կրակահերթի տակ: Որքան է եղել բոլորի զարմանքը, երբ Արթուրը դիրքերից իջել է ողջ եւ առողջ: «Արթուրն այնպես է սիրում իր զինվորներին, հոգ տանում նրանց, իմ փոքր որդուն՝ Հովհաննեսին , միշտ ասում է, որ պետք է հետախույզ դառնա»: Մայորի ընտանիքը համոզված է՝ չնայած սաստիկ պատերազմին, այս անգամ էլ Արթուրը վերադառնալու է հաղթանակած եւ իրենց քաջարի որդու ծնունդը տոնելու են շատ ու շատ անգամ:

Մենք նույնպես շնորհավորում ենք մայոր Արթուր Նալբանդյանին եւ առաջնագծում գտնվող մեր այն քաջարի զինվորներին, ում ծննդյան օրն է այսօր՝ մաղթելով խաղաղություն եւ շուտափույթ վերադարձ: