Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի քսանվեցին ռուսական ռազմական օդուժը հարվածեց «Ֆայլաք աշ-Շամ» խմբավորման շտաբին եւ ռազմամարզական բազային՝ Քաֆըր Թախարիմում, որը գտնվում է Իդլիբում։ Մի շարք մասնագետներ կարծում են, որ այդ կերպ Մոսկվան հասկացրեց Անկարային, որ պետք չէր գրոհայիններ ուղարկել Ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ոչնչացված խմբավորումը մաս էր կազմում Թուրքիայի կողմից հովանավորվող «Ազգային ազատագրության ճակատի» եւ մասնակցություն է ունեցել Սիրիայի սահմանակից շրջանների գրավմանը։ Գերմանացի լրագրող Յուլիան Ռեպկեի հավաստմամբ, ռուսական ռազմական օդուժը գրոհայիններին հարվածել է այն ժամանակ, երբ վերջիններս շքերթ են անցկացրել։ Համացանցում հրապարակված կադրերում նույնիսկ պարզ երեւում են շարքեր կազմած գրոհայինները՝ պլացին։

Նշենք, որ «Ֆայլաք աշ-Շամը» Թուրքիայի թիվ մեկ դաշնակիցն էր Սիրիայի հյուսիս-արեւմուտքում։ Նրանք մասնակցում են թուրքական զորքերի գործողություններին։ Վաշինգտոնում գործող Մերձավոր Արեւելքի կենտրոնի ներկայացուցիչներից Չարլզ Լիսթերը կարծում է, որ Անկարայում սխալ չեն հասկացել, դա Մոսկվայի պատասխանն է։ Իսկ այն, որ թուրքամետ սիրիացի գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան, ասել էր նաեւ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջանից գրոհայինները կարող են թափանցել հարեւան երկրներ, ներառյալ նաեւ՝ Ռուսաստան։

Աղբյուր՝ https://hraparak.am/post/ab25048e379b9ecbcc41aeca3fbcded8