Երբ 1991թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից «Ալազան» տիպի հրտիռահրետանային կայանքից առաջին անգամ արկակոծվեց Ստեփանակերտը և այդուհետ, ոչ միայն բերդաքաղաքից, այլև ռազմահենակետերի վերածված ադրբեջանաբնակ գյուղերից պարբերաբար սկսեցին հրետակոծության տակ առնել մայրաքաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը, սկզբնական շրջանում շատ քչերն էին հավատում, որ արցախահայությունը կդիմանա այդ մեծ արհավիրքին: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Բայց շնորհիվ մեր ժողովրդի դրսևորած ոգեղեն ու կամային բարձր որակների մենք ոչ միայն դիմացանք, այլև կարողացանք կերտել Քարին տակի հերոսամարտ, Շուշիի փառավոր հաղթանակ և, ճեղքելով շրջափակման օղակը՝ հասնել նշանակալի հաջողությունների:

Այսօր հակառակորդը փորձում է կրկին մեզ վերադարձնել հեռավոր 91-ի և 92-ի դաժան իրականություն: Սակայն իրադարձությունների ընթացքը որքան էլ մեզ համար այս պահին անբարենպաստ, բայցևայնպես, մենք պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ և վճռականորեն գնալ առաջ:

Սա է փրկության միակ ճանապարհը և մենք ստիպված ենք նորից հաղթահարել այն ու հասնել մեր վերջնական հաղթանակին: Իսկ դա, անկասկած, հնարավոր է»: