Պետք չէ մոռանալ, որ թուրք զինվորականները եւս մասնակցում էին ռազմական գործողությունների անմիջական ղեկավարմանը Ղարաբաղում, ինչի մասին ասել է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը, ինչի համար էլ զրկվեց պաշտոնից: Այդպիսի տվյալներ են ստացվում նաեւ արեւմտյան աղբյուրներից: Այս մասին դեկտեմբերի 4-ին Մոսկվա-Երեւան առցանց տեսակամուրջի ընթացքում ասաց ռազմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի հրթիռային եւ հրետանային գիտությունների ակադեմիայի տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:

Նրա խոսքով` սխալ է գնահատել ռազմական գործողությունների արդյունքները` առանց զինված ուժերի նախնական վիճակը հաշվի առնելու: «Ադրբեջանը չկարողացավ լուծել պատերազմից առաջ դրված խնդիրը` Ղարաբաղի տարածքի լիակատար վերահսկողություն: Այնպես որ, չեմ կարծում, որ այս դեպքում հայկական կողմը պարտություն է կրել: Այն հաղթանակ է տարել: Այն պայմաններում, որում նա հայտնվեց` հակառակորդի ուժերի հրեշավոր (վեցապատիկ) գերազանցությամբ, աշխարհում ոչ մի բանակ ավելիին հասնել չէր կարող:


Պաշտպանական մարտերում թշնամուն կոտրելն ուժերի նման հարաբերկացության պայմաններում` նույնիսկ տարածքի մի մասի կորստի գնով, մեծագույն սխրանք է: Ադրբեջանական բանակի առաջխաղացման արագությունը` օրական 1 կմ, չնչին է: Փառք եւ պատիվ Լեռնային Ղարաբաղի տարածքում կռված մարտիկներին: Ես բոլորովին չեզոք եմ խոսում եւ կարող եմ կրկնել այս խոսքերը ցանկացած բանակի հասցեին, որը կհայտնվեր նույն իրավիճակում»,- նշել է փորձագետը:

Ըստ «Արսենալ օտեչեստվա» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Մուրախովսկու` Լեռնային Ղարաբաղի պաշտպանական համակարգը բավականաչափ արդյունավետ չի կառուցվել, եւ, բացի այդ, ադրբեջանական բանակի օպերացիաները չհաջողվեց կանխել եւ կանխատեսել, եւ շատ ասպեկտներ արդեն բուն պաշտպանական օպերացիայի ընթացքում մեղմ ասած չեն իրականացվել: «Ուստի կհամաձայնեմ, որ պաշտպանությունն իրականացվել է հիմնականում Լեռնային Ղարաբաղի տարածքում զինվորների եւ սպաների հերոսական գործողություններով, ովքեր պաշտպանում էին իրենց հայրենի հողը»,- հավելել է նա: