Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս վարչական շրջանի ջոկատին ադրբեջանցի զինվորականները ստիպել են հետ քաշվել։

Արավուս վարչական շրջանի (գյուղ) ղեկավար Արգամ Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իրավիճակը նորմալ է այս պահին։ Հետ քաշվելու մասով ասաց, որ տարածքային վեճերը սկսելուց առաջ 1 շաբաթ ջոկատի հետ մնացել են իրենց դիրքերում, որից հետո՝ դուրս եկել։

«Ադրբեջանցիները եկել-ասում էին՝ «Մերն է», ես ասում էի՝ «Չէ, մերն է»։ 1988-90 թվականներին Թորոսի բլուրի մի կողմը մերն է եղել, մի կողմը՝ իրենցը։ Բլուրից մի 800 մետ դեպի մեր գյուղ, մեր պահուստային հողերը, 9 հեկտար սեփականաշնորհված հողը մնաց իրենց»,- նշեց գյուղապետը։

Հովսեփյանի խոսքերով՝ իրենք երեկ են նահանջել և դուրս եկել այնտեղ զբաղեցրած իրենց դիրքերից։

«Երեկ Բաքվից գեներալներ էին եկել, կոշտ ձևի սպառնում էին, ասում էին՝ «Մինչև ժամը 12-ը դուրս չեկար, անօդաչու թռչող սարքով կվառեմ, եթե քո զինվորներին խղճում ես, դո՛ւրս արի»։

Ասում եմ՝ «Գեներա՛լ, չե՞ս մտածում, որ մինչև քո անօդաչու սարքը գա, մեզ վառի, քո վիճակն ինչ է լինելու»։ Պատասխանում է՝ «Կարո՞ղ է, ես քո հողն եմ մտել։ Մի սանտիմետր անցար կկրակեմ, ես ամբողջ օդը հսկում եմ»»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը։

Վերջինս հավելեց, որ իրեն նույնիսկ ադրբեջանական լուրերով են ցույց տվել, թե «Արգամ Հովսեփյանը զավթել է ադրբեջանական հողերը, դուրս չի գալիս»։

«Գեներալն ասաց՝ «Դո՛ւ, ինձ Բաքվից հասցրել ես այստեղ, ամբողջ Ադրբեջանը ոտքի ես կանգնեցրել»։

Ես էլ պատասխանել եմ՝ «Սրանք պահուստային, պայմանագրային հողեր են, 9 հեկտար հողի սեփականության վկայական ունի մեր բնակիչը»։ Ասում է՝ «Մեզ չի հետաքրքրում»։

Գեներալը հետը 1918-20 թվականների քարտեզ էր բերել, որ տպագրված է եղել 1974 թվականին։ Մոտավորապես 800 մետր ենք հետ քաշվել։ Մենք էլ ունեինք քարտեզ»,- նշեց նա։

Հարցին՝ կա՞ն էլի հատվածներ, որոնցից հետ են քաշվել, պատասխանեց, որ ոչ։

«Գեներալն իրեն ագրեսիվ էր պահում, բայց մինչև այս գեներալի գալը, գնդապետ կար, իրեն նորմալ էր պահում»։

Հովսեփյանը ի պատասխան մեր հարցին՝ ասաց, որ գյուղի շրջակա աջ և ձախ կողմերում հայկական սահմանապահ զորքերն են։ «Ամբողջ աշխարհը թնդում է, որ Արավուսի գյուղապետն իր տղաների հետ մի շաբաթ կռիվ է տալիս այնտեղ, մեր կադաստրից, մեր կառավարությունից մեկը չեկավ։ Վերջին օրն ադրբեջանցիներից՝ Բաքվից եկել-հասել են այստեղ։ Սյունիքի երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն է եկել, բայց Պողոսյանն ի՞նչ աներ, կադաստրի աշխատո՞ղ է, ի՞նչ է»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։