Շուշիի շրջանի Հին շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանից:

Սամվել Սարգսյանը նշել է, որ գյուղի բնակչները հիմա գյուղում են, անվտանգությունն ապահովվում է:

Հարցին, թե ինչ տեղեկություն կա գյուղը հանձնելու կամ չհանձնելու մասին, Սարգսյանը պատասխանե է. «Գնացեք, Նիկոլ Փաշինյանին հարցրեք»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա:

Փաստաթղթով՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել եւ ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահոսկողության գոտու մեջ էր նշվում: