Իջևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Իջևանը հրաժեշտ է տալիս իր հերոսներին..․
Վերջին օրերին Իջևանը զինվորական կարգով հրաժեշտ տվեց հայրենիքի իրական նվիրյալ հերոսներ` փոխգնդապետ Արմեն Օհանյանին և գնդապետ Թաթուլ Ղազարյանին: Նրանք երկուսն էլ զոհվել են հոկտեմբերի 19-ին` Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում:
Հերոս Արմեն Օհանյանը ծնվել է 1971 թվականին: 1996 թ-ից ծառայության էր անցել ՀՀ ԶՈՒ-ում, արժանացել բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի: Մարտի օրը, երբ հակառակորդը փորձել է ձախ թևանցում կատարել, գնդի հրամանատարը անձնակազմին նահանջի հրաման է տվել` հնարավոր շրջափակումից խուսափելու համար: Այդ ընթացքում փոխգնդապետ Օհանյանը մարտը վարել է առաջնագծից և կյանքի գնով ապահովել անձնակազմի կողմից ավելի նպաստավոր բնագծի զբաղեցումը: Փոխգնդապետը թիրախավորվել է հակառակորդի կողմից և խոցվել: Արմեն Միքայելի Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով:
Հերոս Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին: Սևքարի դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ընտրել էր հայրենիքի ծառայելու նվիրական ճանապարհը: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այնուհետև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010-2012 թթ-ին սովորել է ՌԴ Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում: 2018թ-ից եղել է Իջևանի N զորամասի հրամանատար: Իր օրինակելի և հայրենանվեր ծառայության համար գնդապետ Ղազարյանը բազմիցս է արժանացել պետական պարգևների: Հոկտեմբերի 19-ին` իր զինակից ընկերների հետ, մինչև արյան վերջին կաթիլը անհավասար մարտ մղելով` նահատակվել է հանուն հայրենիքի: Գնդապետ Ղազարյանը իր կերպարով միշտ ձգտել է հաղթանակի, ձգտել է լինել առաջինը` թե ուսումնառության, թե զինվորական ծառայության մեջ: Եվ հենց հաղթողի հոգեբանությամբ նա գնաց իր սրբազան պարտքը կատարելու: Գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանը նույնպես հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Հավերժ փառք մեր ընկած հերոսներին և մեր խոնարհումը` նրանց ընտանիքներին»: