Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և 44 օր տևած պատերազմի ընթացքում թշնամու կողմից պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր եղան, որոնք արձանագրվեցին ինչպես Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։

Դրանցից մեկը հոկտեմբերին քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառումն էր։ Այդ օրերին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ, նախնական տվյալով, դա եղել է սպիտակ ֆոսֆոր։

«Զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակն ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ:

Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,- գրել էր Արման Թաթոյանը: Արգելված զինատեսակից տուժածների հստակ թիվը հայտնի չէ, այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնում ադրբեջանական զինուժի կողմից կիրառված ենթադրյալ սպիտակ ֆոսֆորից ստացված ծանրագույն այրվածքներով 8 զինծառայող շարունակում է բուժումը։

Ցավոք, եղել են նաև մահվան դեպքեր։ Այրվածքներ ստացած մյուս զինվորներն արդեն դուրս են գրվել, բայց դեռ երկար վերականգնողական բուժում պիտի ստանան։ Սպիտակ ֆոսֆորը, հայտնվելով մարդու մարմնի վրա, երկար ժամանակ պահպանվում է և քայքայում մաշկը։

Բուժում ստացող զինծառայողներն ունեն ամենատարբեր աստիճանի այրվածքներ, սպիտակ ֆոսֆորն անգամ ոմանց թարթիչների վրա է, ինչը հեռացնել բժիշկներին դեռևս չի հաջողվում: Սպիտակ ֆոսֆորի առկայության մասին վկայում է վերքերի վրա արտացոլվող լույսը։ Վերքը, որի վրա ընկնում է ճառագայթը, սկսում է լուսարձակել:

Զինծառայողները պատմում են, թե ինչ պայմաններում են վիրավորումներ ստացել։ Նշում են, սակայն՝ այդ պահին չեն հասկացել, որ քիմիական զենք է կիրառվել իրենց դեմ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օրերս այցելել էր վիրավոր զինվորներին։ Նա նշել է, որ պատերազմում սպիտակ ֆոսֆորի կիրառման դեպքերն ու բոլոր փաստերն ուղարկել է միջազգային կառույցներին։ «Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։