Գերիների փոխանակումը հրադադարի մասին համաձայնագրի կետերից մեկն է։ Բաքուն պնդում է, որ ձերբակալված անձինք փոխանակման ենթակա չեն, քանի որ նրանց մեջ կան նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածներ և տարբեր հոդվածներով մեղադրվողներ։ Գրում է РБК-ն։

Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում իրականացնեին: Ադրբեջանը ստացել է իր բոլոր ռազմագերիներին. դա հաստատում են ինչպես հակամարտության կողմերը, այնպես էլ Ռուսաստանը։ Սակայն փոխանակման հայկական ցուցակում նախկինի պես ավելի քան 140 անուն կա, РБК-ին հայտնել է ռուսական դիվանագիտական աղբյուրը և հաստատել հայկական կողմի իրազեկ զրուցակիցը: Հայաստանի ԱԳՆ-ը գերիների ճշգրիտ թիվն, ի պատասխան РБК-ի հարցման, չի հայտնել՝ վկայակոչելով տեղեկատվության փակ բնույթը:
Ադրբեջանը պնդում է, որ իր կողմից պահվող անձինք փոխանակման ենթակա չեն, քանի որ նրանց մի մասը գերեվարվել է արդեն մարտական գործողությունների ավարտից հետո, իսկ մյուսները մեղադրյալ են 3 հոդվածով՝ «վարձկանություն», «ահաբեկչություն» և «ռազմական հանցագործություններ»: Այս մասին երկրի ԱԳՆ-ն հայտարարել է РБК-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան։
Հայկական փոխանակման ցուցակը ներառում է 62 մարդ, որոնք գերեվարվել են Խծաբերդ գյուղի մոտ, արդեն պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի կեսերին։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։
Մնացածների առնչությամբ գերատեսչությունում հայտարարել են, որ իրենց նույնպես մտադիր չեն վերադարձնել։ «Ներկայումս ադրբեջանական կողմի մոտ գտնվում են մի քանի անձինք, այդ թվում՝ 3-րդ երկրների քաղաքացիներ, որոնց դեմ քրեական գործեր են հարուցվել: Ըստ միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևյան կոնվենցիաների, նրանք փոխանցման ենթակա չեն»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում։
Երևանում դրա հետ կտրականապես համաձայն չեն։ «Ադրբեջանը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողներին գերության մեջ պահելու փաստը նույնիսկ ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում հրապարակված ապացույցների և տեսանյութերի առկայության դեպքում: Ավելին, Ադրբեջանը որոշ ռազմագերիների ներկայացնում է որպես հանցագործներ և նրանց դեմ կեղծ ու բացարձակ անհեթեթ մեղադրանքներով քրեական գործեր է սարքում»,-РБК-ին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից:
Ադրբեջանի մոտ հայ գերիների առկայությունը լուրջ խոչընդոտ չի դառնա տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին պայմանավորվածությունների ձեռքբերման համար, կարծում է Ռուսաստանի արտաքին և պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովը: Ցանկացած ժամանակակից պատերազմից հետո միշտ առաջանում է գերեվարվածների խնդիրը և կողմերի միջև փոխանակումը միշտ իրականացվում է որպես առևտուր։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին