ԱՄՆ նոր վարչակազմը կարծում է, որ Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը Ռուսաստանից խաթարում է ՆԱՏՕ-ի համախմբվածությունն ու արդյունավետությունը: Նման կարծիք երեքշաբթի Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ հեռախոսազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հեռախոսազրույցի ավարտին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնը հայտնել է, որ Սալիվանը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնումը խաթարում է [Հյուսիսատլանտյան] դաշինքի համախմբվածությունն ու արդյունավետությունը;

Այնուամենայնիվ, Սալիվանն «ընդգծել է Բայդենի վարչակազմի ցանկությունը կառուցողական կապեր կառուցել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ` ընդլայնելով համագործակցության ոլորտները եւ արդյունավետորեն վերահսկելով տարաձայնությունները»,- ասել է Հորնը: Սալիվանը Կալինին հայտնել է նաեւ « [ԱՄՆ ներկայիս] վարչակազմի` ՆԱՏՕ-ի միջոցով անդրատլանտյան անվտանգությունն ամրապնդելու մտադրության մասին»,- ասել է նա:

Բացի այդ, ամերիկացի առաջնորդի խորհրդականը ողջունել է բանակցությունների վերսկսումը Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ եւ հայտնել է Վաշինգտոնի` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` Կիպրոսում կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումն ապահովելու պլաններին աջակցության մասին: