ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հավանականության մասին։ Այս մասին նա գրել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական հրատարակության փետրվարյան համարում։
Ռիչարդը նշում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Պենտագոնը ստիպված չի եղել դիտարկել միջուկային տերության հետ ուղղակի ռազմական բախման հավանականությունը, սակայն այժմ իրավիճակն այլ է:
«Իրական հավանականություն կա, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամը կարող է արագ վերաճել միջուկային զենքի կիրառմամբ հակամարտության, եթե, նրանց կարծիքով, սովորական զինատեսակների կիրառմամբ պարտության դեպքում սպառնալիք առաջանա քաղաքական համակարգի կամ պետության համար»,- հայտարարել է Ռիչարդը:
Ծովակալի խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կենտրոնացել է ահաբեկչության դեմ պայքարի վրա, Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են ագրեսիվ քաղաքականություն վարել՝ սառը պատերազմի ժամանակաշրջանից ի վեր չտեսնված եղանակներով մարտահրավեր նետելով միջազգային նորմերին: Նման գործողությունները, ամերիկացի ծովակալի կարծիքով, չպետք է անպատասխան մնան Վաշինգթոնի կողմից։
«Մենք պետք է ակտիվորեն գործենք՝ նրանց ագրեսիան զսպելու համար։ Զիջելով նրանց նախաձեռնությունները՝ մենք ռիսկի ենք դիմում ամրապնդել նրանց պատկերացումներն այն մասին, թե ԱՄՆ-ը չի ցանկանում կամ չի կարողանում պատասխանել»,- գրել է Ռիչարդը։
Բացի այդ, նա նշել է Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունների զգալի աճը: Մասնավորապես, Ռիչարդը մանրամասն նկարագրել է ռուսական միջուկային ուժերի արդիականացումն ու Մոսկվայի կողմից նոր սպառազինության մշակումը։