Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում լուրերը, ըստ որոնց՝ ժամկետային զինծառայողներին այլևս չեն ուղարկի Արցախ ծառայության։

«Ամբողջ այն տեղեկատվությունը, որը վերաբերում է Զինված ուժերի համալրմանը՝ սկսած տեղակայման վայրից, քանակից, ենթակառուցվածքներից և այլն, համարվում է պետական ծառայողական գաղտնիք», - Aysor.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Նշենք՝ օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել ՊՆ՝ հետաքրքրվելով՝ Արցախից վերադարձած զինծառայողները արձակուրդից հետո կրկին վերադառնո՞ւմ են Արցախ, թե՞ շարունակում են ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում։
Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, թե նշված հարցը դեռ կարգավորման փուլում է, քանի որ արձակուրդ եկած զինծառայողները պետք է շարունակեն ծառայությունը պաշտպանության բանակում։