ՍՈւ-երը կարող են կրել նաև այնպիսի հրթիռներ, որոնք առկա են մեր սպառազինության մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Ինչու դրանք չենք կիրառվել մեր առկա սպառազինությամբ: Չճշտված տվյալներով, ՍՈւ-30-երը, որոնք պետք է ունենան երեք պարամետրեր որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով այդ ֆունկցիաներից մեկը չունեն: Կարող է դա պատճառ հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր ավիացիային, Հակոբյանն ասաց, որ այդ մասով բավականին մեծ գումար է ծախսվում. «Միայն վառելիքի տեսակետից ավիացիան ավելի շատ գումար է ծախսում, քան՝ ամբողջ բանակը միասին վերցված:

Մեր ավիացիայի աշխատավարձն ավելի բարձր է, քան՝ 3-րդ կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը: Ավիացիան շատ թանկ հաճույք է եւ մենք այդքան թանկ վճարել ենք: Իսկ ինչո՞ւ այն չկիրառվեց: Ինչու մեր ինքնաթիռները կործնվեցին: Այս հարցերի պատասխանը պետք է տրվի: Այդպիսի ավիացիա ունենալ, կողքը նկարվել, դրանով ժողովրդին փորձել խաբել, չի կարելի»,-հարցրեց նա՝ հավելելով, որ այս ամենը բավարար է, որ դատախազությունը քննություն իրականացնի, իսկ այդ քննության ընթացքում եթե իրեն հարցնեն, ինքը կասի, թե կոնկրետ որ հարցն է մտահոգիչ, որն էլ պատճառ է հանդիսացել, որ մեր ինքնաթիռները մեր ունեցած սպառազինությամբ չեն կիրառվել:

«Այն սպառազինությունը, որ ես նշել էի, որ ՌԴ կառավարության կողմից արգելված է, դա միայն մեկ հրթիռ է: Իսկ մնացած հրթիռները մի մասը մեզ մոտ կա, մյուս մասը հանգիստ կարող էին ձեռք բերել: Ինչու չեն ձեռք բերել, եւ ինչու մեր պահեստում եղած հրթիռները չեն կիրառվել: Ես ենթադրություններ ունեմ, բայց պնդել չեմ կարող»,-հավելեց նա: