Կառավարությունը որոշեց համաներում կիրառել 27 տարին լրացած անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են զորակոչից։
«Այս նախագիծը նպատակ ունի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց հնարավորություն ընձեռել մասնակցելու Հայաստանի տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտների զարգացմանը»,- ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Սույն օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները»,- նշեց նախարարը։