ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արևելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է:

Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առսջադրված խնդիրները:

Միևնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել:

Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը և զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից»: