Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի ռազմածովային (ՉԺԱԲ) ուժերի ռազմավարական նոր սուզանավն ունակ է հրթիռ կրել, որը կարող է թիրախներ խոցել Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում: Այս մասին երկուշաբթի հաղորդել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը 094A «Ցզին» սուզանավ նախագիծն է, որը ներկայացվել է ապրիլի 30-ին՝ ՉԺԱԲ-ի նավատորմի կազմավորման 72-ամյակին: Այն ի վիճակի է կրել JL-3 նորագույն պինդ շարժիչով միջմայրցամաքային հրթիռները, որոնց թռիչքի տիրույթը գերազանցում է 10 հազար կմ-ը, իսկ որոշ գնահատականներով հասնում է 12 հազար կմ-ի:


«094A սուզանավը 094 տիպի սուզանավի արդիականացված տարբերակն է, որի ստեղծման ընթացքում հնարավոր էր լուծել աղմուկի հետ կապված հիմնական խնդիրներից մեկը՝ հիդրոկինետիկ եւ տուրբուլենտ համակարգերի բարելավման հաշվին: Դա նրան թույլ տվեց ավելի հզոր JL-3 հրթիռներ կրել»,- պարբերականը մեջբերում է զրուցակիցներից մեկին:

Ըստ նրա՝արդիականացումից առաջ այս տիպի սուզանավը զինված էր ավելի քիչ հզոր JL-2 հրթիռով, որը կարող էր խոցել միայն Միացյալ Նահանգների հյուսիսարեւելյան մասի թիրախները: Փորձագետների կարծիքով՝JL-3 հրթիռը, ինչպես իր նախորդը, ունակ է մի քանի միջուկային մարտագլխիկ տանել:

Ներկայումս նախատեսվում է այս տիպի եւս երկու հրթիռային սուզանավ կառուցել՝ հնացած 092 դասի նավերը փոխարինելու համար: