Իրադարձությունները Սյունիքյան չեն, մեզ շեղում են, երբ ասում են Սյունիքյան, քանի որ իրադարձություն կան նաև Վայքում ու Գեղարքունիքում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հետախույզ Վովա Վարտանովը:

Վարտանովի խոսքերով, այդ հատվածներում ոչ պակաս լկտի պահվածք կա Ադրբեջանի կողմից. «Սյունիքում մտել են մոտ 2,5-3 կմ ու մինչև հիմա այնտեղ են. Մեր կազմակերպության, գումարտակի հրետանու հետախույզներն ու դիպուկահարներն արդեն մեկ շաբաթ է Սյունիքում են: Բայց, ինչպես բոլորին են շեղել, այնպես էլ մենք ենք շեղվել ու Վերին Շորժային ավելի քիչ ուշադրություն ենք դարձրել: Այդքան էլ ուշադրություն չենք դարձրել նաև Ջերմուկի այն հատվածներին, որտեղ բնակավայր չկա: Դա բավականին սխալ է»:

Նա ասաց, որ կապիտուլյացիայից հետո մեր ռազմական գերատեսչությունը դեռ ուշքի չի եկել ու չի կարողանում ադեկվատ ժամկետներում պատասխան տալ, ինչը ցավալի փաստ է. «Մեր ՊՆ-ին, ռազմական գերատեսչությանը պետք է օգնություն տալ ոչ միայն մարդկանցով»:

Վարտանովի խոսքերով, այսօր շատ հաճախ փնովում ենք ՊՆ-ին, նաև տեղին, բայց տեղեր կան, որ քար գլորելու փոխարեն պետք է ձեռք մեկնել. «Երբ կոլափսից դուրս գան, միգուցե առաջին քար գլորողներից մեկը ես լինեմ, սակայն հիմա պետք է ձեռք մեկնել»:

Հայտնի հետախույզն ասաց, որ հիմա ՈՄԱ-ն փորձում է հնարավորության սահմաններում օգնել ՊՆ-ին: