Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը կրկին սրվել է, РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից:

«Տաջիկական կողմը 4.06.2021թ. ժամը 03:00-ի սահմաններում սկսել է կոնտեյներ տեղադրել Օշի մարզի Ունժու-Բուլաք տեղանքում՝ Ղրղզստանի տարածքում խորանալով մինչև 1000 մետր»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրավիճակը լարված է մնում, տաջիկները կոնտեյները թողել են և 600 մետրով հեռացել դրանից: Բացի այդ, մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, «Տաջիկստանի կողմից նկատվում է ավտոմեքենաներով և թեթև զրահամեքենաներով զինծառայողների կուտակում»։
«Ղրղզական կողմից միջոցներ են ձեռնարկվում կողմերի սահմանապահ ներկայացուցիչների մակարդակով իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, սակայն Տաջիկստանի սահմանապահ ներկայացուցիչները չեն պատասխանում հեռախոսազանգերին»,- ընդգծել են գերատեսչությունում:
Ինչպես նշվում է, Ղրղզստանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Տաջիկստանի հետ պետական սահմանի հատվածում, անցել են ծառայության ուժեղացված տարբերակի:
«Տաջիկական կողմը՝ խախտելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, թեժացրել և սրել է իրավիճակը ղրղզա-տաջիկական պետական սահմանին, ինչը չի համապատասխանում բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին»,- հայտարարել է Ղրղզստանի կառավարության ներկայացուցիչը: