Հադրութի շրջանի Հին Թաղերի եւ Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի։ Այս մասին NEWS.am-ին հաղորդում են Արսեն Ղազարյանի պաշտպանական խմբից։

«Այսօր ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունից տեղակացվել են ժամը 17-ին ներկայանալ քննչական գործողությունների կատարմանը։ Համաձայն վարույթն իրականացնող մարմնի Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացվելու է եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։

1․ Սա Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում եզակի դեպք է, երբ նույն անձի նկատմամբ նույն գործով 3-րդ անգամ ներկայացվում է կալանավորման միջնորդություն։

2․ Միջնորդության ներկայացման համար ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ հերթապահում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը՝ իր բոլոր բացասական ավանդույթներով։

3․ Մեղադրանքը լրացվում է եւ կալանավորման միջնորդություն է ներկայացվում 2-րդ անգամ կալանավորման միջնորդության մերժումից հետո, որը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի միակ նպատակը Ա․Ղազարյանին եւ պաշտպանական թիմին լռեցնելն է, յուրաքանչյուր գնով Արսեն Ղազարյանին անազատության մեջ պահելը, այլապես մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր ապացույցների առկայության դեպքում դեռ վաղուց կարող էր նրան մեղադրանք առաջադրված լինել։

4․ Վարույթն իրականացնող մարմինը դեռ մինչեւ Արսեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելը, արդեն իսկ որոշել է կալանավորման միջնորդություն ներկայացնել, որից ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմնին անգամ հետաքրքիր չէ Արսեն Ղազարյանի դիրքորոշումը, նրա կողմից տրված ցուցմունքը եւ յուրաքանչյուր պարագայում միջնորդությունը ներկայացվելու է»,- նշվում է հաղորդագրության մեջ։