Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու ընկեր՝ Ազատ Գևորգյանը և Հայկազ Մկրտչյանը, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի առաջին կուրսում միասին էին սովորում, բայց մտերմացան Լուսակերտի ուսումնական գնդում, դարձան անբաժան ընկերներ։ Երկուսն էլ 2019-ի հունվարին էին զորակոչվել բանակ։

Հայկազին ճանաչում եք, նրա մասին ես գրել էի։ Լուսակերտում 6 ամսի ծառայելուց հետո Ազատը ծառայության է անցնում Հադրութում, Հայկազը՝ Տավուշի Մեհրաբներում։

Նոյեմբերի 5-ին Ազատենց դասակին իջեցրել են Շուշի, ամսի 7-ին ընկել են շրջափակման մեջ, բայց շարունակել են համառ մարտեր մղել: Ասում են, որ Շուշի տանող ճանապարհին սպայական կազմն Ազատենց լքել է ու թողել մենակ, բայց դրանից տղերքը չեն ընկճվել ու շարունակում են պայքարը։ Ընթացքում Ազատը հասցնում է վիրակապել վիրավոր զինվորներին, օգնություն ցույց տալ, բայց ինքն էլ վիրավորվում է։ Շուշիի ձոր իջնելու ճանապարհին Ազատին մենակ են թողնում ու չեն վերադառնում օգնության։ Վիրավոր վիճակում զանգում է իր ծանոթ բժշկին, վերջինս խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում չքնել, փորձել խնայել ուժերը, որ հնարավոր օգնության հասնելուց ուժ ունենա ասելու իր գտնվելու վայրը։ Այդպես էլ Ազատը վիրավոր վիճակում, արնաքամ լինելով, մահանում է Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 8-ին կամ 9-ին, հստակ հայտնի չէ...

Իր տղայի դին Ազատի հայրը և քեռին երկար ժամանակ չեն կարողանում գտնել։ Փնտրում էին Արցախում, սակայն գտել էին Սովետաշենի դիահերձարանում, ճանաչելի վիճակում... զինվորական գրքույկը՝ գրպանում... դեկտեմբերի 2-ին...

Մինչ զոհվելն Ազատը ծնողներից իմացել էր, որ ընկերը՝ Հայկազը, վիրավորվել է և հոսպիտալում պայքարում է կյանքի համար։ 11 օր կյանքի համար պայքարելուց հետո Հայկազն անմահացավ նոյեմբերի 9-ին՝ հիվանդանոցում։ 2 ընկեր լքեցին այս երկրային կյանքը գրեթե միաժամանակ... Գուցե Հայկազը զգացել էր ընկերոջ մահը... գուցե չէր ուզել նրան մենակ թողնել այնպես, ինչպես վարվել էին մարտական ընկերները...»: